ՆԵՐԱՌԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅՈՒՆ
Ներառական կրթությունը գործընթաց է, որը հենվում է բոլոր երեխաների` այդ թվում հատուկ կարիքներ և սահմանափակ հնարավորություններ ունեցող, կրթություն ստանալու իրավունքի վրա: Այն արձագանքում է բոլոր սովորողների բազմազան կարիքներին, մեծացնում է մասնակցությունը ուսումնական, մշակութային և համայնքային կյանքին և նվազեցնում բացառումը կրթությունից: Այն ընդգրկում է փոփոխություններ և բարեփոխումներ կրթության բովանդակության մեջ, մոտեցումներում, կառույցներում և մեթոդներում, տարածվում է համապատասխան տարիքային խմբի բոլոր երեխաների վրա և հենվում է այն համոզմունքի վրա, որ բոլոր երեխաներին կրթելը հանրակրթական համակարգի պարտականություն է:
Կրթությունը պետք է համարվի ցանկացած անձի մարդկային և ֆունկցիոնալ զարգացմանը նպաստող միջոց` անկախ ֆիզիկական կամ այլ խոչընդոտների: Ուստի, որևէ տեսակի հաշմանդամություն չի կարող արգելք հանդիսանալ մարդու՝ կրթություն ստանալու իրավունքի համար: Այսպիսով, ներառումը ենթադրում է մի գործընթացի ծավալում, որն ուղղված է բոլոր սովորողների բոլոր կարիքներին` ներառյալ նրանց, ովքեր ենթակա են մարգինալացման և բացառման: Ներառական կրթություն մեր դպրոցն իրականացնում է 2008-2009 ուստարուց: Առաջին կիսամյակում աշակերտները 19 էին, երկրորդ կիսամյակում` 27-ը: Այսօր մեր դպրոցում ներառական կրթություն ստանում է 14 աշակերտ: Նրանց հետ աշխատում է բազմամասնագիտական թիմը` հոգեբանը, սոցիալական մանկավարժը, հատուկ մանկավարժը: Աշակերտները ստանում են անվճար սնունդ, գումար` փոխադրամիջոցից օգտվելու համար, ակտիվորեն մասնակցում են դպրոցական բոլոր միջոցառումներին: |